ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

«Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի  թանկ է»
26.04.2013 | 12:15

Վերնագրիս խոսքերը Ք.ա. IV դ. հույն նշանավոր փիլիսոփա ու գիտնական, Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչ Արիստոտելինն են: Եվ այս իմաստությունը դար առ դար արժևորվում է նաև այն տեսակետից, որ դարեր շարունակ մարդկությանը հետապնդում են նորին գերազանցություն միջակությունն ու տգիտությունը: Մի ախտ, որը միջնադարյան Հայաստանի աչքառու մտածող Գր. Տաթևացու խոսքերով ասած, շաղփաղփ կարգով` ի շարս այլ բնագավառների, ժամանակ առ ժամանակ վերակենդանանում է նաև հայ մշակույթի ու գիտության այս կամ այն ասպարեզում:

Ցավոք, Հայաստանի անկախացումից հետո էլ այս արատավոր երևույթը նոր ծլարձակումներով ու դրսևորումներով է հաղթարշավում և հայոց նյութական մշակույթի արժեքների վերաբերյալ զանազան մեծ ու փոքր հրատարակություններով տարածում անգիտություններով ու տարաբնույթ աղավաղումներով ներծծված փաստ-փաստարկումներ: Եվ կարծեք` նորին գերազանցություն միջակությունը` չիմացությամբ ու կարծեցյալ գերարժեքությամբ, տառապող երևակայությամբ զորակոչի է ենթարկել հայոց մշակույթի ու պատմության դաշտը աղտեղություններով ապականող բանակին, որի անտեսումն աններելի է: Քանզի նման դեպքերում, երբ անգետները գիտուններ են ձևանում, սպիտակն ու սևը, իրականն ու երևակայականը խառնվում են իրար… Այնպես որ վերջին մի քանի տարում մեկ անգամ չէ, որ այդօրինակ հրատարակությունների վերաբերյալ հրապարակավ և մամուլում հանդես եմ եկել մատենախոսություններով: Այժմ ևս ստիպված եմ մատենախոսել մեր պատմաճարտարապետական ու հնագիտական արժեքները ներկայացնող մի քանի հրատարակություններ, որոնց հեղինակներն իմ աշխատանքային կոլեգաներն են, ովքեր ավելորդ են համարել հաշվի նստելը այս կամ այն հրատարակության ընդունված սկզբունքների հետ, շրջանցել են պաշտոնական կարգուկանոնները: Ինչ արած… Թերևս մնում է գրի մասին գրի լեզվով խոսել, քանզի, ինչպես Արիստոտելի խոսքերով վերնագրել եմ այս մատենախոսությունը, թեև խնդրո առարկա աշխատանքների հեղինակներն իմ կոլեգաներն են, բայց ճշմարտությունն ավելի թանկ է և անսքողելի:
Եվ այսպես, խոսքը վերաբերում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) 2011-2012 թթ. հրատարակություններից մի քանիսին, որոնք, մեղմ ասած, պատիվ չեն բերում մեր հուշարձաններն այսպիսի մակարդակով հանրահռչակելու գործին: Հանգամանք, ինչը պայմանավորված է ինքնավստահության և սեփական իմացությունների գերարժևորման սինդրոմով, որի կարգավորման համար (ի պաշտոնե) մեկ անգամ չէ, որ թե՛ բանավոր և թե՛ գրավոր դիմել եմ ՊՈԱԿ-ի տնօրենությանը:
Զանց առնելով խնդրին առնչվող մանրամասները, միայն փաստեմ, որ ստորև` իրենց տեքստերի ծավալներով (2-10 էջ) ոչ այնքան մեծ հրատարակությունները, դրանցում առլեցուն և տարաբնույթ աղավաղումների պատճառներով նույնիսկ դժվար է մատենախոսական կանոնների շրջանակներով գրադատելը: Այդ աշխատանքներն առաջին հայացքից զարդարուն տոնածառների տպավորություն են թողնում, որոնց արտաքին տեսք տվող գունավոր լուսանկարների անտեսումը դրանք դարձնում է խոցելի ու աղավաղումներով լեցուն: Այդ իսկ հանգամանքով մատենախոսվող հրատարակությունները ստիպված ընթերցողին պետք է ներկայացնեմ նրանցում առկա աղավաղումների թվարկումներով, որն էլ խոսքիս հաղորդում է ավելի շատ հրապարակախոսության, քան մատենախոսման բնույթ: Ընդգծեմ նաև, որ այդ շարքում չեմ անդրադառնալու նրանցում առկա վրիպակային, ուղղագրական և նմանատիպ անճշտություններին` դրանք համարելով ամենաանմեղ և հնարավոր թերություններ:
ա) ՔԱՐԱՇԱՄԲԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
(Մ.Թ.Ա. II-I ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ)
Այն թանգարանային ժամանակավոր ցուցադրության կատալոգ է: Կազմողներն են Աշոտ Փիլիպոսյանը, Արամ Գևորգյանը, Վահան Հովհաննիսյանը, Ֆիրդուս Մուրադյանը և Լիանա Գևորգյանը (2011 թ., 48 էջ): Փակագծեմ, որ իրականում Վ. Հովհաննիսյանը, Ֆ. Մուրադյանը և Ա. Գևորգյանը դրա կազմման աշխատանքներին չեն մասնակցել:
1. Այս հրատարակության մեջ ներկայացված նյութերը չեն համապատասխանում վերնագրերին: Օրինակ, այդպիսի ընդհանուր վերնագրի տակ համապատասխան տվյալներով ներկայացված է Քարաշամբ հնավայրից մինչ այժմ հայտնաբերված բազմաթիվ նյութերից ընդամենը 37-ը` իր 2 էջ ուղեկցող տեքստով: Այնինչ, ինչպես կատալոգի տեքստն է հաստատում, Քարաշամբ հնավայրում չափագրվել և ուսումնասիրվել է 1500 դամբարան, որտեղից ի հայտ եկած նյութերի թիվը անցնում է մի քանի հազարից: Բացի այդ, կատալոգի բուն վերնագրի տակ այն ներկայացնող-ուղեկցող խոսքն էլ վերնագրված է «Քարաշամբի հնագիտական հուշարձանը»: Ինքնըստինքյան հարց է առաջանում` այս վերագրումներից ո՞րն է առաջնայինը` «Դամբարանադաշտի նյութական մշակո՞ւյթը», թե՞ «Հնագիտական հուշարձանը»:
2. Գուցե կազմողները պատճառաբանեն, որ դա ժամանակավոր ցուցադրության կատալոգ է և այդպիսի անհրաժեշտություն չկա: Միանգամայն համաձայն եմ: Սակայն հետևում է ընթերցողի հարցը. այդ ժամանակավոր ցուցադրությունը ե՞րբ, որքա՞ն նյութերով, ո՞ր թվականին, քանի՞ օր ու ամիս է տևել և այլ հանգամանքներ: Արդյո՞ք ցուցադրվել են միայն կատալոգում ընդգրկված 37 իրերը, թե՞ դրանք միայն հրատարակման համար ընտրվածներն են: Եվ վերջապես, այդ տեղեկությունները ինչո՞ւ չեն ընդգրկվել կատալոգին ուղեկցող տեղեկատվական տեքստում: Այստեղ կատալոգի հեղինակները նշում են նաև, որ դամբարանադաշտից հայտնաբերված մոտ 1500 դամբարանային համալիրները «ընդհանուր առմամբ վերաբերում են Միջին Բրոնզի-Վաղ Երկաթի շրջաններին և տեղավորվում են մ.թ.ա. XXII/XXI-X/IX դդ. ժամանակային սահմաններում» (ընդգծումը իմն է - Ա. Ա., էջ 2): Մի կողմ թողնելով «Միջին Բրոնզի-Վաղ Երկաթի» ոչ ճիշտ ուղղագրությունը, փաստենք, որ հայերենով իրերը չեն կարող տեղավորվել ժամանակաշրջանի ժամանակային սահմաններում: Պարզապես պետք է մտածել ու շարադրել հայերեն և այսպիսի անհեթեթություն չհրամցնել ընթերցողին:
3. Ի՞նչն է պատճառը, որ այս կատալոգում զանց է առնված նման հրատարակությունների համար պարտադիր համարվող այն պահանջը, որ իրերի տեղեկատվական նկարագրություններում պետք է նշվեն այդ իրերի գտնվելու վայրը և հավաքածուների թվահամարները (արդյո՞ք նրանց գտնվելու վայրերը հայտնի չեն):
4. Տարօրինակորեն կատալոգի բոլոր իրերի թվագրումը կատարվել է եռաստիճան, որի անհրաժեշտությունը չկար և շփոթմունք կարող է առաջացնել: Օրինակ, իրերի թվագրումները, որոնք ճիշտ լինելով հանդերձ, տրված են.
«Սափոր Միջինբրոնզեդարյան, Թռեղք-վանաձորյան մշակույթ,
Մ.թ.ա. XX - XIX դդ.» (էջ 4):
Հարց` 3-րդ տողի դարային թվագրումը միջինբրոնզեդարյան շրջափուլի մեջ մտնող շրջա՞ն է, թե՞ ոչ: Եթե այո, ապա նախընտրելի է, որ այն լիներ նրանից հետո և ոչ թե ընդմիջվեր «Թռեղք-վանաձորյան մշակույթով» (փակագծում նշեմ, որ այս անհարթությունը շտկված է հաջորդ կատալոգում, ինչն էլ ինքնըստինքյան հարց է առաջացնում, թե դրանցից ո՞րն է ճիշտը):
Ի միջի այլոց, վերջինիս և նմանատիպ այլ` Կարմիրբերդյան, Լճաշենա-մեծամորյան մշակույթների մասին: Վերոնշյալ մշակույթներն իրենց շրջափուլերով կամ որոշ մասով համապատասխանում են «միջինբրոնզեդարյան» ողջ շրջափուլի՞ն, թե՞ դրա մի մասին: Գոնե դրա վերաբերյալ պետք է կատալոգի ուղեկցող տեքստում համապատասխան նշում արվեր:
5. Կատալոգային հրատարակությունների համար պարտադիր և անհրաժեշտ էր, որ անպայման նշվեր, թե հրատարակվող իրերից քանիսն են տպագրվում (իրենց նկարագրությամբ) առաջին անգամ: Իսկ տպագրվածների վերաբերյալ էլ տրվեր նրանց հրատարակված լինելու մատենագիտությունը:
Սրա մասին նույնիսկ ավելորդ է հիշեցնել կազմողներին, քանզի հենց մշակույթի նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող կառույցներից, այդ թվում նաև հիշյալ կատալոգը հրատարակված ՊՈԱԿ-ից, ամեն տարի այդպիսի տեղեկություններ է պահանջում թանգարանային իրերի հրատարակման, հանրահռչակման, ցուցադրման վերաբերյալ: Էլ չեմ խոսում այն մասին, որ նման տեղեկությունները առկա պետք է լինեն նրանց անձնագրերում:
6. Այս կատալոգում իրերի անվանումներում` մի ստորակետ չտեղադրելու պատճառով, իրերը ստացել են տարբեր եզրույթներ: Օրինակ, «Սափոր մուգ դարչնագույն, հարթ հատակով…» (էջ 4) և շարունակությունը ինչպես որ կա: Այստեղ արդեն, ինչպես նշեցի, ստորակետ չդնելու պատճառով «Սափոր» անվանումը ստացել է նոր տերմինաբանական անվանում` «Սափոր մուգ դարչնագույն»: Ցավոք, այդպես են ներկայացված կատալոգի բոլոր 37 իրերը:
7. Կատալոգը ՊՈԱԿ-ի 2011 թ. կազմակերպած թանգարանային ժամանակավոր ցուցահանդեսի փաստագրումն է: Սակայն այդտեղ այդ մասին ոչ մի բառ անգամ չկա: Չկա նաև ոչ մի կադր իրերի ցուցադրության սրահից (ցուցափեղկերից): Ոչ մի խոսք նաև այդ ցուցադրության կազմակերպմանը մասնակցություն ունեցած Մեծամոր թանգարանի, ՊՈԱԿ-ի հնագիտական, ազգագրական նյութերի հաշվառման, գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժինների մասնակցության կամ կատարած աշխատանքների վերաբերյալ:
Ի՞նչ անուն տալ սրան: Եթե կազմողները այդ բանը կարող էին չգիտակցել, ապա ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահը` Լ. Գևորգյանը, ով նաև կատալոգի կազմող-հեղինակներից է, պարտավոր էր ոչ միայն իմանալ, այլև պարտադիր կերպով ՊՈԱԿ-ի կատարած այս աշխատանքները ներառեր կատալոգում և այն չանտեսեր:
8. Կատալոգի լուսանկարները կատարված են մասնագիտական որակով, որոնք, ցավոք, տպագրման համար համակարգչային մշակման չեն ենթարկվել: Տպագրությունը ևս իրականացված է պատշաճորեն: Սակայն այս ամենի կողքին նրա ձևավորումը կատարված է հրատարակչական տեսակետից ոչ լիարժեք: Օրինակ, ոչ ճիշտ ձևավորում տալու պատճառով էջադաշտերը 70-80 %-ով ազատ են, ինչն էլ հանգեցրել է կատալոգի 48 էջ ծավալին: Այնինչ կատալոգի ողջ նյութը` էջադաշտերի նպատակային օգտագործման պարագայում, կունենար ճիշտ դրա կեսի չափով ծավալ:
9. Վերջապես այդ կատալոգը ո՞ր թվականին է տպագրվել, որքա՞ն տպաքանակով և ո՞ր տպագրատանը: Ո՞րն է այս հրատարակության տեղը գրադարանային բաժիններում (գրադարանային ցուցիչ), ISBN-ի համարը, տպագրական կամ հրատարակչական մամուլների ծավալը:
10. Բավարարվենք այսքանով և փաստենք, որ կատալոգներն առհասարակ գիտական հետազոտությունների արդյունք են, և պետք չէ այդպիսի անփութությամբ այն հրամցնել ընթերցողին: Ավելորդ է հիշեցնել, որ կատալոգային իրի տվյալների հրատարակումը նրա անձնագիրն է և պետք է հնարավորինս ներկայացվի լիարժեքորեն:

(շարունակելի)


Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 11925

Մեկնաբանություններ